Նկարագրություն
Ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus) պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներին դասվող գրամդրական բակտերիա է։ Ունի կարևոր կլինիկական նշանակություն, քանի որ կարող է տևական ժամանակ առանց ախտանիշների բնակվել մարդու լորձաթաղանթների և մաշկի մակերեսին՝ հարուցելով հիվանդություն միայն իմունային կարգավիճակի անկման կամ նորմալ միկրոֆլորայի քանակի նվազման դեպքում։ Կախված օրգանիզմում բնակության վայրից՝ կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ (ախտաբանական գործընթացներ վերին և ստորին շնչուղիներում, մաշկի ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություններ, աղիքային վարակներ և այլն)։ Կարևոր դեր է խաղում նորածինների և կրծքի հասակի երեխաների ախտաբանության մեջ, ելնելով ինչից՝ տվյալ միկրոօրգանիզմի առկայության հետազոտությունը պարտադիր է հղիների համար։ Քանի որ S. aureus-ի թաքնված բակտերիակրությունը բավականին տարածված է, վերին շնչուղիներում միկրոօրգանիզմի առկայության պարտադիր հետազոտության են ենթակա հանրային սննդի ոլորտի աշխատողները, բժշկական անձնակազմը և բնակչության որոշ այլ խմբեր։ Մանրէաբանական մեթոդը թույլ է տալիս անջատել ոսկեգույն ստաֆիլոկոկը հատուկ սննդային միջավայրերում՝ դրանով իսկ հայտնաբերելով դրա առկայությունը օրգանիզմում (և հավանական դերը պաթոլոգիայի զարգացման գործում) կամ թաքնված բակտերիակրությունը։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Կրծքի կաթ (աջ)
- Կրծքի կաթ (ձախ)
- Կղանք
- Քսուք ըմպանից (բերանըմպանից)
- Քսուք շաղկապենուց (աջ)
- Քսուք շաղկապենուց (ձախ)
- Քսուք քթից
- Միզասեռական քսուք
- Միզասեռական քսուք (շականակագեղձի արտազատուկով)
- Խորխ
- Վերքային արտադրություն
- Արտադրություն ականջից (աջ)
- Ականջի արտադրություն (ձախ)
- Ռեկտալ քսուք
- Առավոտյան մեզի միջին բաժին