Նկարագրություն
Գրիպը սուր շնչառական վարակ է, որն առաջանում է Orthomyxoviridae ընտանիքի Influenza virus ցեղին պատկանող ՌՆԹ պարունակող վիրուսների կողմից: Ըստ վիրուսային մասնիկի կազմի մեջ մտնող սպիտակուցներից մեկի տեսակի՝ գրիպի վիրուսները ստորաբաժանվում են երեք հիմնական սերոտիպի՝ A, B և C: Առանձնացնում են նաև գրիպի վիրուսի շտամներ, որոնք սովորաբար նշվագրվում են համաձայն այն աշխարհագրական տարածքի, որտեղ առաջին անգամ անջատվել է վիրուսի տվյալ շտամը, և հայտնաբերման տարեթվի (օրինակ՝ A/H1N1/CA2009 նշանակում է, որ A/H1N1 տիպի վիրուսի շտամն առաջին անգամ անջատվել է Կալիֆոռնիայում 2009 թվականին): Խոզագրիպը A տիպի գրիպի վիրուսի մի քանի ենթատիպեր են, որոնք ունակ են հիվանդություն առաջացնել խոզերի մոտ: Համաճարակաբանական զգոնության տեսանկյունից ներկայումս առավել արդիական է A/H1N1 ենթատիպը: Վերոնշյալ վիրուսով հարուցված գրիպի ախտանիշները նման են սովորական գրիպին (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հազ, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային ցավ, թուլություն, կարող են դիտվել նաև սրտխառնոց, փսխում և/կամ ջրիկ կղանք): Հարկ է նշել, որ դեպքերի մեծամասնության պարագայում վերը նշված ախտանիշներն անցնում են մեկ շաբաթվա ընթացքում, սակայն վարակի ծանր ընթացքի դեպքում հաճախ զարգանում է արագ հարաճող թոքաբորբ (պնևմոնիա), որը ճիշտ բուժման բացակայության դեպքում մեկ օրվա ընթացքում կարող է հանգեցնել մահվան: Հատկապես հաճախ հիվանդությունը ծանր ձևով ընթանում է մինչև 2 տարեկան տարիքի երեխաների, շնչառական համակարգի խրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց, տարեցների, հղի կանանց, ճարպակալումով տառապող անձանց մոտ: Վտանգավոր ախտանիշներ են համարվում շնչառության դժվարացումը, կրծքավանդակի ցավը, շուրթերի, ականջների ծայրերի կապտությունը, գիտակցության մթագնումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը 38 C-ից բարձր 3-4 օրվա ընթացքում՝ ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունման ֆոնին: Երեխաների մոտ ծանր ձևի գրիպի ախտանիշները տարբերվում են՝ կախված երեխայի տարիքից: Կրծքահասակ երեխաների մոտ սովորաբար նկատվում է հաճախացած շնչառություն, մաշկային ծածկույթների գունատություն կամ կապտություն, ջրազրկման ախտանիշներ (լացելիս արցունքների բացակայություն, միզարձակման տևական բացակայություն), համառ սրտխառնոց և փսխում, խիստ թուլություն, քնկոտություն կամ, հակառակը, գերգրգռվածություն, ցնցումներ: Գրիպի ծանր ընթացքի ախտանիշների առկայության դեպքում անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում դիմել բժշկական օգնության:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք ըմպանից (բերանըմպանից) և քթից
- Խորխ