Նկարագրություն
Վիտամին B5-ը (պանտոտենաթթու, հակադերմատիտային գործոն) ըստ իր քիմիական բնույթի դիպեպտիդ է՝ բաղկացած b-ալանին ամինաթթվի և պանտոյաթթվի մնացորդներից։ Պանտոտենաթթուն, օրգանիզմ հայտնվելով, վերածվում է պանտետինի, որը մտնում է կոէնզիմ A-ի կազմի մեջ, ինչն էլ կարևոր դեր է խաղում օքսիդացման և ացետիլացման գործընթացներում։ Կոէնզիմ A-ն օրգանիզմում քիչ հանդիպող նյութերից է, որը մասնակցում է և՛ սպիտակուցների, և՛ ճարպերի, և՛ ածխաջրերի նյութափոխանակությանը։ Վիտամին B5-ն անհրաժեշտ է ճարպերի, ածխաջրերի, ամինաթթուների փոխանակության, կենսականորեն կարևոր ճարպաթթուների, խոլեստերինի, հիստամինի, ացետիլխոլինի, հեմոգլոբինի սինթեզի համար։ Պանտոտենաթթուն զգայուն է տաքացման նկատմամբ. ջերմային մշակման ժամանակ կորչում է վիտամինի գրեթե 50%-ը։ Պանտոտենաթթուն պարունակվում է կենդանական և բուսական ծագման շատ մթերքներում (խմորիչ, ձկան խավիար, խոշոր եղջերավոր անասունների լյարդ, ձվի դեղնուց, բույսերի կանաչ հատվածներ, կաթ, գազար, կաղամբ և այլն)։ Պանտոտենաթթուն սինթեզվում է նաև աղիքային ֆլորայի կողմից։ Վիտամին B5-ի կարևորագույն հատկությունն այն է, որ այն ունակ է խթանելու մակերիկամների հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների արտադրությունը, ինչն այն դարձնում է հզոր միջոց այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են արթրիտը, կոլիտը, ալերգիան և սրտի հիվանդությունները։ Այն կարևոր դեր է խաղում հակամարմինների ձևավորման գործում, նպաստում է այլ վիտամինների յուրացմանը, ինչպես նաև մասնակցում է նեյրոտրանսմիտերների սինթեզին։ Օրգանիզմում պանտոտենաթթվի պակասը հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, որոնց հիման վրա զարգանում են դերմատիտներ, մազերի դեպիգմենտացիա և կորուստ, աճի դադար, հյուծվածություն, փոփոխություններ մակերիկամներում և նյարդային համակարգում, ինչպես նաև շարժումների կոորդինացիայի, սրտի և երիկամների, ստամոքսի, աղիքների ֆունկցիաների խանգարումներ։ Վիտամինի դեֆիցիտի պատճառ կարող են լինել սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի, վիտամին C-ի, B խմբի վիտամինների ցածր պարունակությունը, բարակ աղիքի հիվանդությունները՝ մալաբսորբցիայի համախտանիշով, ինչպես նաև շատ հակաբիոտիկների և սուլֆանիլամիդների տևական կիրառումը։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ